Այս օրերին արցախցիներին իրենց զորակցությունն են հայտնում հանրաճանաչ արվեստագետներ։ Նրանց թվում է իտալացի անվանի դիրիժոր ՋԱՆԼՈՒԿԱ ՄԱՐՉԻԱՆՈՆ։ Նա տեսաուղերձ է հղել‚ որով իր աջակցությունն է հայտնում Արցախի հողում Ադրբեջանի, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարող հայերին։ «Հայերն այդ պատերազմը մղում են միայնակ, համարձակորեն և հերոսաբար։ Արցախի հողը միշտ պատկանել է Հայաստանին: Մենք պետք է լինենք Հայաստանի ու հայերի կողքին, քանզի լռությունն ամենավատ բանն է։ Բոլորս շատ հայ ընկերներ ունենք և գիտենք, թե ինչպիսին են հայ ընկերներն ու հայերը։ Դժվար պահերին նրանք զանգահարում են, նրանք միշտ կողքիդ են, մշտապես հարցնում են՝ ինչ կարող են անել քեզ համար։ Եկեք անենք նույնը՝ նրանց ցույց տանք, որ մենք նույնպես այնտեղ ենք, նրանց հետ և նրանց համար։ Եկեք կանգնենք հայերի կողքին։ Մենք բոլորս հայ ենք»‚- ասել է դիրիժորը։
Հիշեցնենք‚ որ 2015 թվականին Ջանլուկա Մարչիանոն այցելել էր Արցախ։ Արցախի Անկախության օրը նա մասնակցել է «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային։ Դեռևս 2015 թվականին նա ասել էր‚ թե Արցախ այցելելով՝ մտավախություն չունի, որ կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ